Posted in Գլխավոր, Կենսաբանություն 9

Ցիտոպլազմա-կենսաբանություն 26.10.2022

Ցիտոպլազման բջջի հիմնական բաղադրամասն է ու նրա կիսահեղուկ ներքին միջավայրը: Ցիտոպլազմա տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից։

Ցիտոպլազման անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է: Նրանում գերակշռում են սպիտակուցները: Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայուն է, թեև ցիտոպլազմի և բջջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիական նյութերի փոխարկումները:

Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր, օրինակ՝ սպիտակուցային մասնիկներ կամ պահեստային սննդանյութեր: Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ոչ մշտական կառուցվածքներ են և, ի տարբերություն օրգանոիդների, առաջանում, այնուհետև ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում:

Որոշ բջիջների ցիտոպլազմային բնորոշ է սպիտակուցային թելիկների և միկրոխողովակների առկայությունը, որոնք կազմավորում են բջջակմախքը:

Կառուցվածքը

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի: Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ:                                       

Ֆունկցիաները`

         Կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը

        Բջջին տալիս է ամրություն, ճկունություն

        Ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար

       Ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում

       Միջբջջային նյութափոխանակության ապահովում

      Օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և     ֆերմենտային կապեր: